«ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերությունները երբևէ այսքան լավ չեն եղել». Թրամփը՝ Մեքսիկայի նախագահի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմ հանդիպում է ունեցել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները երբեք այնքան լավ չեն եղել, որքան այժմ,  հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հիացական արտահայտություններ է հնչեցրել մեքսիկացի իր գործընկերոջ հասցեին և նշել, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև տնտեսական և անվտանգության կապերը գնալով էլ ավելի են ամրապնդվելու։

Թրամփը նաև Օբրադորին գովաբանել է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադի միջև նոր առևտրային համաձայնագրի կնքման հարցում դերակատարման համար, ինչպես նաև խոսել է թմրանյութային թրաֆիքինգի և անօրինական եղանակով սահմանները հատելու դեմ Օբրադորի իրականացած քայլերի մասին։

Լոպես Օբրադորը, որը նախկինում բազմիցս դեմ է հանդես եկել Թրամփի քաղաքականությանը, այս անգամ ջերմ խոսքեր է հնչեցրել նախագահի հասցեին և շնորհակալություն հայտնել նրան նոր առևտրային գործարքից մինչև կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն տրամադրելու համար։

Պարբերականը նշում է, որ Թրամփն ջերմ խոսքերով կարծես փորձել է մոռացնել տալ իր նախկին կատաղի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն անօրինական կերպով մուտք գործող մեքսիկացի ներգաղթյալները միայն հանցագործներ են։

Tert.am