Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում «առաջատար» է

Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսով վարակակիրների թիվն ԱՄՆ-ում հատել է 3 մլն-ի սահմանը, գրանցվել է 132 981 մահ և ամբողջ երկրում վերջին օրերին հիվանդության 24-ժամյա նոր դեպքերի հակառեկորդներ են արձանագրվել, այնուհանդերձ՝ Սպիտակ տունը պնդում է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ն «առաջատար» է, գրում է The Guardian-ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Ես կարծում եմ, որ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում մեզ վերաբերում է որպես առաջնորդի»։

Ի հակադրություն Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարությանը՝ պարբերականը մեջբերել է ինֆեկցիոն հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչիի խոսքերը, որն օրերս հայտարարել էր, որ «միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ճիշտ ճանապարհով չի գնում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեպքերի 99%-ը բացարձակապես անվնաս է և ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի թվով ամենաշատ վարակակիրներն ունի երկրում զանգվածային թեստավորման պատճառով։

«Այժմ մենք թեստավորել ենք գրեթե 40 միլիոն մարդու։ Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեպքերի 99%-ը բացարձակապես անվնաս է: Նման արդյունքներ ոչ մի այլ երկիր ցույց չի կարող տալ, քանի որ ո՛չ քանակի, ո՛չ էլ որակի տեսանկյունից ոչ մի այլ երկիր չունի այնպիսի թեստավորման համակարգ, ինչպիսին մենք ունենք»,- հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը:

Tert.am