ԱՄՆ-ում բանտի սևամորթ հսկիչներին արգելել են մոտենալ նախկին ոստիկան, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող Դերեկ Չաուվին բանտախցին: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Այս կապակցությամբ Սենտ Պոլ քաղաքի Ռեմզի շրջանի ուղղիչ հիմնարկի 8 ոչ սպիտակամորթ աշխատակիցներ գործատուի դեմ խտրականության հայց են ներկայացրել: Նրանց խոսքով՝ ղեկավարությունը իրենց արգելել է ռասայական խտրականության մեջ մեղադրվող Չաուվինի հետ որևէ շփում ունենալ։
Հսկիչները վրդովված են այդ փաստից, քանի որ նրանց խոսքով՝ չեն կարող հիշել մի դեպք, երբ սպիտակամորթ աշխատակիցներին թուլ չի տրվել շփում ունենալ որևէ բանտարկյալի հետ։
Նշվում է, որ բանտի բոլոր սևամորթ հսկիչներին տեղափոխել են երրորդ հարկ՝ արգելելով նույնիսկ արտակարգ իրավիճակի դեպքում հայտնվել հինգերորդ հարկում, որտեղ գտնվում է Չաուվին։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: