ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին ընթացող անկարգությունների ժամանակ գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած ոստիկան Շեյ Միկալոնիսը կաթվածահար է եղել, գրում է The Hill-ը։
Տուժածի ընտանիքը հայտնել է, որ տղամարդը գիտակցության է եկել և միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։
«Նրա մարմինը կաթվածահար է եղել պարանոցից ներքև։ Նա չի կարողանում խոսել», – հայտնել են տուժածի հարազատները:
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանի վրա կրակել է 20-ամյա Էդգար Սամանյեգոն։ Նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի սպանության և ապօրինի զենք օգտագործելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: