Հունիսի 15-ին կորոնավիրուսով պայմանավորված 3-ամսյա կարանտինից հետո վերաբացվում են Հունաստանի թանգարանները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունաստանում մշակութային բոլոր հաստատությունները փակվել էին մարտի 13-ին: Մեկ ամիս առաջ բացվել էին հնագիտական հուշարձանները, այդ թվում` Ակրոպոլիսը:
Թանգարանների բացման օրը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի հետ միասին կայցելի Հին Աթենքի Ագորայի թանգարան և հնագիտական պեղումների վայրեր:
«3 ամիս փակ թանգարաններով` երկար ժամանակահատված է: Դրանք բացվում են երկուշաբթի՝ հունիսի 15-ին, և սպասում են մեզ բոլորիս: Սա երկրի մշակութային ենթակառուցվածքների վերսկսման երկրորդ կարևոր քայլն է: Դրան նախորդել է հնագիտական հուշարձանների բացումը, որն օրինակ է ծառայել աշխատակիցներին և այցելուներին կորոնավիրուսից պաշտպանելու գործում»,-ասված է երկրի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:
Բոլոր թանգարանները պարտավոր են ապահովել աշխատակիցների և այցելուների անվտանգության և հիգիենայի կանոնների պահպանումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը: