Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները և հասարակությունը սխալ են մեկնաբանել ԱՄՆ-ում անկարգությունների մասին իր արտահայտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները և հասարակությունը սխալ են մեկնաբանել իր՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների առնչությամբ արած մեկանբանությունը, գրում է Washington Post-ը։

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հեռուստաալիքի սևամորթ լրագրող Հարիս Ֆոլքները Սպիտակ տան ղեկավարին խնդրել է հստակեցնել, թե ինչ է ցանկացել ասել իր մեկնաբանությամբ, քանի որ ԶԼՄ-ները, քաղաքական գործիչներն ու հասարակությունը այդ մեջբերումը վերագրել են Ուոլթեր Հեդլիին, որը 1967 թվականին գլխավորել է Մայամիի ոստիկանությունը և արդարացրել այդ տարի երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերը ճնշելու կոշտ մեթոդները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրականում մեջբերել է 1970-ականներին Ֆիլադելֆիայի քաղաքապետերից մեկի՝ Ֆրենկ Ռիզոյի՝ «Երբ տեղի է ունենում թալան, ապա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նաև հրաձգություն» մեջբերումը։

Ամերիկյան ԶԼՄ-ները ճշտել են, որ Ֆիլադելֆիայի հիշյալ քաղաքապետը այդպիսի խոսքեր չի արտաբերել։

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված անկարգությունների առաջին օրերին Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Հաղորդագրության հրապարակումից հետո երկուսուկես ժամվա ընթացքում Twitter-ը դրա վրա նախազգուշացնող պիտակ էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «բռնություն է փառաբանվում»։

Tert.am