Ամերիկյան Apple ընկերությունը ռասայական հավասարության և արդարության գաղափարները խթանող ծրագրեր է մշակել, որը նպատակ ունի ընդլայնել այլ ռասայի ներկայացուցիչների՝ կյանքի տարբեր ոլորտներում ներգրավվածությունը։ Այս մասին ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել է Twitter-ի իր էջում։
Կուկը հավելել է, որ նոր նախաձեռնության համար ընկերությունը մտադիր է 100 մլն դոլար հատկացնել։
Apple-ը պլանավորում է ընդլայնել սևամորթների գլխավորած ընկերությունների հետ աշխատանքը և մեծացնել բիզնես-գործընկերների շրջանում աֆրոամերիկացիների ներկայացուցչականությունը:
Բացի այդ, ընկերությունը մտադիր է ընդլայնել համագործակցությունը քոլեջների և համալսարանների հետ, որտեղ առավելապես սովորում են աֆրոամերիկացի ուսանողները, և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ընկերության ներսում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվն ավելացնելու համար:
Ռասայական հավասարության և արդարության ծրագիրը կգլխավորի Apple-ի շրջակա միջավայրի, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը: