ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների հարցերով վարչությունը չորեքշաբթի հայտարարել է, որ թույլատրել է Illumina, Inc. ընկերությանը «Քովիդ-19»-ի ախտորոշման նոր տեսակի թեստ կատարել, որը հնարավորություն կտա նաև հայտնաբերել վիրուսում տեղի փոփոխությունները:
Ինչպես հայտնում է CNN-ը, տվյալ թեստավորման ժամանակ, որն առաջին անգամ է կիրառվելու, հաջորդ սերնդի գենետիկ հաջորդականության տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի պարզել վիրուսի հավանական մուտացիաները:
Illumina-ն, որը կենտրոնանում է գենոմի հաջորդականացման վրա, ստեղծել է COVIDSeq թեստը, որի համար անհրաժեշտ է փորձանմուշ վերցնել հիվանդի բերանից կամ քթից:
«Հաջորդ սերնդի հաջորդականացման ախտորոշման տեխնոլոգիան թույլ կտա ընդլայնել թեստավորման հնարավորությունները: Բացի այդ, այն հնարավորություն կտա տեղեկություն հավաքել, որը թույլ կտա ուսումնասիրել՝ արդյոք և ինչպես է վիրուսը մուտացիայի ենթարկվում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: