«ԱՄՆ-ում ռասիզմն ամենուր է». Ջո Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ ռասիզմն ԱՄՆ-ում ամենուր է․ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցից մի հատված հրապարակվել է Twitter սոցկայքում։

Բայդենը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ամերիկյան իրավապահ մարմիններում, անշուշտ, համակարգային ռասիզմ կա։

«Խոսքը միայն իրավապահների մասին չէ, այն ամենուր է՝ բնակարանային, կրթության ոլորտներում, բոլոր տեղերում, որտեղ գործունեություն ենք ծավալում։ Սա իրական է, լուրջ է։ Ոչ բոլոր իրավապահներն են ռասիստներ, նրանցից շատերը հրաշալի ոստիկաններ են, սակայն մինչ այժմ ռասիզմի չափից շատ օրինակների ենք ականատես եղել»,-ընդգծել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգում ռասիզմի թեման առավել սրվել է վերջերս աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանությունից հետո, որից հետո զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում ամերիկյան տասնյակ քաղաքներում։

Tert.am