Ստամբուլի Բեյօղլու թաղամասի թաղային խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմը դատական հայց է ներկայացրել թուրք երգիչ Մուրադ Օվյուչի դեմ, որն Instagram սոցկայքի իր էջում անդրադարձել էր ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրառումներին և նրան ու հայերին «փսլնքոտ» էր անվանել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին սոցցանցերի իր էջերում լուսանկարներ էր հրապարակել և գրել. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»:
Քարդաշյանի հրապարակումներին անդրադարձողներից մեկն էլ Օվյուչն է եղել: Նա ինսթագրամյան իր էջում գրել էր. «Դուք հայերդ փսլնքոտ եք: Ո՞վ ես դու, որ իմ օսմանցի մեծամեծերին բարբարոս անվանես»:
Սիմոն Չեքեմի դատական հայցից հետո հետաքննություն է սկսվել Օվյուչի նկատմամբ «ատելություն և թշնամանք տարածելու» մեղադրանքով:
Ստամբուլի դատախազությունում Օվյուչը չի ընդունել իր մեղքը և ասել է. «Իմ խոսքերն ուղղված են եղել ԱՄՆ քաղաքացի Քիմ Քարդաշյանին և այն հայերին, որոնք օսմանցիների թշնամիներն են: Ես այդպես եմ պատասխանել, քանի որ նա վիրավորել է մեր արժեքները: Ես նման հայտարարություն չեմ արել մեր երկրի քաղաքացի հայերի հասցեին: Ավելին, ինքս 5-6 տարի անընդհատ օգնում եմ Թուրքիայի հայերին և այստեղի հայկական կազմակերպություններին: Սոցիալական ցանցերում որոշ շրջանակներ խեղաթյուրում են իմ ասածը: Ես չեմ ընդունում մեղադրանքը»:
Իր խոսքից և դատական նիստի ավարտից հետո Օզյուչն իր փաստաբանի հետ լքել է դատական նիստը: