Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների համար, այդ թվում և Հայաստանի: Ինչպես փոխանցում է Эхо Кавказа ռադիոալիքի կայքը, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:
«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կկազմվեն նվազագույն ռիսկով երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը: Շատ երկրներ արդեն սահմանել են նման կանոններ: Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ: Այդպես էլ Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկներն արդեն պետք է որոշակի հսկողության ենթարկվեն»,- ասել է Գամկրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի երկու քաղաքներ՝ Թբիլիսին և Բաթումը, հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով ամենանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում: