ԱՄՆ-ում սպառնացել են «Գազպրոմ» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե այն ավարտին հասցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքները

ԱՄՆ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ եթե ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ավարտին հասցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքները, ապա ամերիկյան կողմի՝ դեռ դեկտեմբերին ընդունած պատժամիջոցներին կենթարկվի, գրում է lenta.ru կայքը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ պատժամիջոցներին։

«Եթե «Գազպրոմը» շինարարության ավարտի համար «Ակադեմիկոս Չերսկիյ» նավն օգտագործի, ապա ԱՄՆ նախագահը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել»,- ընդգծել է Քրուզը։

Դեկտեմբերին պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո շվեյցարական Allseas կապալառու ընկերությունը հրաժարվել էր շարունակել աշխատանքը, որին ի պատասխան Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել գազատարի կառուցման աշխատաքները:

«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը նպաստող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են դրանց բաժնետերերի և պաշտոնյաների ԱՄՆ մուտքի արգելք, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների կողմից վերահսկվող ցանկացած սեփականության և ռեսուրսի հասանելիության արգելափակում։

tert.am