Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կորոնավիրուսի «համավարակի նոր փուլ» է մտնում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ չնայած առավել թույլ սահմանափակումներով «համավարակի նոր փուլ» մտնելուն՝ երկրի բնակիչները պետք է կորոնավիրուսի կանխման համար հետևեն «հիմնական պահանջներին»․ համապատասխան կարճ հայտարարությունը կանցլերն արել է երկուշաբթի Բեռլինում համավարակի հարցերով կառավարության նիստից առաջ, գրում է korrespondent.net կայքը։

«Ինձ համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեք այն փաստի վրա, որ «համավարակի նոր փուլ» ենք մտնում, ուստի այժմ անհրաժեշտ կլինի, որ սահմանափակումների նվազման հետ մեկտեղ վստահ լինենք, որ մարդիկ հետևելու են հիմնական պահանջներին, այն է՝ հետևելու են հեռավորությունը պահելուն, ի նշան դիմացինի նկատմամբ հարգանքի փակելու են բերանն ու քիթը։ Դա շատ կարևոր է»,- ընդգծել է նա։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս փուլում կառավարության ուշադրության կենտրոնում երկու հիմնական առաջադրանք կլինի․ առողջապահության մարմինների կողմից վարակման շղթային հետևելը և հիվանդացածների մեկուսացումը։

Գերմանիայի կառավարությունն ու դաշնային երկրամասերի իշխանությունները սահմանափակումների չեղարկման երկրորդ փուլի նախագծի շուրջ համաձայնության են եկել մայիսի 6-ին։ Տեսահամաժողովի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում կանցլեր Անգելա Մերկելը և երկրամասերի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել խանութների բացման հարցում, ինչպես նաև թույլտվություն են սահմանել մաքուր օդին զանգվածային և պրոֆեսիոնալ մարզաձևերով զբաղվելու համար։

Նշվում է, որ սոցիալական հեռավորությունը պահելու «միջոցառումները» մինչև հունիսի 5-ն ուժի մեջ կլինեն, սակայն այս ուղղությամբ նույնպես սահմանափակումների որոշակի թուլացումներ կան։

Կարանտինային ռեժիմի աստիճանական թուլացման հստակ ժամկետները առանձին դաշնային երկրամասերի ղեկավարներ ինքուրույն են սահմանում, ուստի նաև պատասխանատու են լինում կորոնավիրուսի նոր բռնկումների կանխման համար։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք։ Այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը համավարակի սկզբից հասել է 169 575-ի, որից 145 600-ն ապաքինվել է։

Tert.am