«Կեղծ լուրեր». ԱՀԿ-ն հերքել է կորոնավիրուսի մասին ստույգ տեղեկությունը Չինաստանի ճնշման ներքո թաքցնելու մասին պնդումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «կեղծ լուրեր» է որակել լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի մասին տեղեկությունը թաքցրել է Չինաստանի ճնշումների պատճառով, գրում է Sydney Morning Herald-ը:

Կառույցն իր հայտարարությունում հայտնել է, որ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի միջև հունվարին կայացած հեռախոսազրույցի մասին գերմանական թերթի հաղորդագրությունը «անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»։

Der Spiegel գերմանական շաբաթաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ժամանակ Գեբրեյեսուսին խնդրել է չհայտնել կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման մասին և համավարակ չհայտարարել։ Պարբերականն իր հոդվածում հղում է կատարել Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությանը, որը, սակայն, հրաժարվել է այդ մեկնաբանություններից։

Der Spiegel-ը նաև պնդել է, որ հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ Չինաստանի տեղեկատվական քաղաքականության պատճառով աշխարհը մինչև վեց շաբաթ ժամանակ է կորցրել կորոնավիրուսի դեմ պայքարում։

ԱՀԿ-ն իր հրապարակած հաղորդագրությունում նշել է, որ Գեբրեյեսուսը և Չինաստանի նախագահը «երբեք հեռախոսով չեն խոսել»՝ հավելելով, որ նման ստահոդ հաղորդագրությունները խանգարում են COVID-19 համավարակը դադարեցնելու ուղղությամբ ԱՀԿ-ի և ամբողջ աշխարհի ջանքերին։

Tert.am