«Բացարձակ քաոսային աղետ». Օբաման կոշտ քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմի պայքարը կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոշտ քննադատության է ենթարկել կորոնավիրուսի դեմ Թրամփի վարչակազմի պայքարի միջոցները: Ինչպես հայտնում է CNN-ը, Օբաման իր կարծիքն է հայտնել իր վարչակազմի անդամների հետ հեռախոսազրույցում:

Ինչպես փոխանցել են Սպիտակ տան նախկին երեք պաշտոնյաները, որոնց հետ Օբաման խոսել է, վերջինս «բացարձակ քաոսային աղետ» է անվանել ներկայիս վարչակազմի գործելակերպը վիրուսի դեմ պայքարում: Օբաման խոսել է նաև դեմոկրատների նախագահական թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ընտրություններում աջակցելու անհրաժեշտության մասին, որպեսզի հաջողվի պարտության մատնել Թրամփին նոյեմբերին:

30 րոպե տևած խոսակցության ընթացքում Օբաման նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ դրսևորվող պայքարը հիշեցում է այն մասին, որ համաշխարհային ճգնաժամի պարագայում կառավարության հզոր առաջնորդ է անհրաժեշտ: Օբամայի զանգի նպատակն էր իր նախկին աշխատակազմի անդամներին ներգրավել Բայդենի ընտրարշավում:

«Գալիք ընտրություններն այդքան կարևոր են, քանի որ այն, ինչի դեմ մենք պայքարելու ենք, մասնավոր անհատ կամ քաղաքական կուսակցություն չէ: Այն, ինչի դեմ, մենք պայքարում ենք, երկարատև է: Իսկ այս պարագայում եսասեր լինելը, բոլորին որպես թշնամի տեսնելը դարձել է ամերիկյան կյանքի ազդակը: Այդ է պատճառը, որ համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարն այդքան թույլ և անորոշ է եղել»,- ասել է Օբաման:

Tert.am