Ռիոյի հայտնի արձանը «նոր տեսք է ընդունել»՝ խրախուսելով բժշկական դիմակի օգտագործումը

Բրազիլիայի Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը, որը մոտ 90 տարի ամեն օր ողջունում է Ռիո դե Ժանեյրոյի բնակիչներին, այս գիշեր «նոր տեսք է ընդունել»:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, հատուկ լուսավորության միջոցով բժշկական դիմակ է պատկերվել Քրիստոսի արձանի դեմքին: Նախաձեռնության նպատակն է խրախուսել անձնական պաշտպանության միջոցների օգտագործումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաև հարգանքի տուրք է բուժաշխատողներին:

Արձանի վրա երևում է #MascaraSalva գրությունը, որը թարգմանաբար նշանակում է «դիմակը փրկում է»: Բացի այդ, գրության վերնամասում մեծ սիրտ է պատկերվել:

Զբոսաշրջային հայտնի կառույցը, որը համարվում է «նոր աշխարհի 7 հրաշալիքներից մեկը», այցելությունների համար փակ է մարտիկեսերից:

Ավելի վաղ լուսավորությամբ արձանին պատկերվել էին տարբեր երկրների դրոշներ, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին հայտնաբերվել:

Բրազիկլիայում «Քովիդ-19» վիրուսից մահացել է 7106 մարդ, վարակվել՝ 102 719-ը:

Tert.am