Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 5-րդ տեղը զբաղեցնող Ուորեն Բաֆեթի հոլդինգը մոտ $50 մլրդ կորուստ է ունեցել եռամսյակում

Ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգը, որի ղեկավարը ձեռնարկատեր և ներդրող Ուորեն Բաֆեթն է, կորոնավիրուսի տարածման հետևանքների պատճառով մոտ 50 մլրդ դոլարի կորուստ է ունեցել տարվա առաջին եռամսյակում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով հոլդինգի հաշվետվությունը:

Եռամսյա ժամանակահատվածի արդյունքներով, որն ավարտվել է մարտի 31-ին, Berkshire Hathaway-ի մաքուր կորուստը կազմել է 49.7 մլրդ դոլար: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտը գնահատվում էր 21.7 մլրդ դոլար: Ամերիկյան հեռուստաալիքների հաղորդմամբ՝ Berkshire Hathaway-ը նախկինում երբեք չէր հայտնել խոշոր կորստի մասին:  

Հոլդինգի ներկայացուցիչները փաստում են, որ իրենց աշխատանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում երկրի ղեկավարության և մասնավոր բիզնեսի ընդունած որոշումներն ու միջոցառումները: Նրանք կանխատեսում են, որ տվյալ միջոցառումների բացասական ազդեցությունը կզգացվի նաև երկրորդ եռամսյակում:

Berkshire Hathaway-ին խոշոր փաթեթներեն պատկանում տասնյակ ընկերություններում, այդ թվում՝ առաջատար ամերիկյան ավիաընկերություններում, բանկերում և տեխնիկա արտադրող գործարաններում:  

Bloomberg-ի տվյալներով՝ Բաֆեթը հինգերորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գնահատվում է 72 մլրդ դոլար: Տարվա սկզբից այն կրճատվել է 17 մլրդ դոլարով:

tert.am