«Կրճատե՛ք նավթի մատակարարումը կամ կկորցնեք ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը». հայտնի է դարձել Թրամփի՝ Սաուդյան Արաբիային ուղղված սպառնալիքի մասին

Ապրիլի 2-ին կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին ասել է, որ եթե ՕՊԵԿ+ երկրները չկրճատեն նավթի արդյունահանման ծավալները, նա անզոր կլինի օրենսդիրներին կանգնեցնել, որպեսզի չընդունեն Թագավորությունից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին օրենքը, գրում է Reuters-ը՝ չորս իրազեկ աղբյուրներին հղումով։

75-ամյա ռազմավարական դաշինքը ոչնչացնելու սպառնալիքը հանգեցրեց նավթի կրճատման նշանակալի գլոբալ գործարքի, ինչը դիվանագիտական հաղթանակ բերեց Սպիտակ տանը, հայտնել են գործակալության աղբյուրները։

Թրամփը ժառանգորդ արքայազնին սպառնացել է արդյունահանման կրճատման մասին հայտարարությունից 10 օր առաջ։ Թագավորության փաստացի առաջնորդն այնքան ապշած է եղել այդ սպառնալիքից, որ իր օգնականներին հրամայել է դուրս գալ սենյակից, որպեսզի նա կարողանա միայնակ շարունակել քննարկումը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը Սաուդյան առաջնորդներին տեղեկացրել է, որ առանց արդյունահանման կրճատման «նախագահական վարչակազմը չի կարող խանգարել ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ սահմանել թագավորության դեմ, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչև ամերիկյան զորքերի դուրսբերմանը»:

Հիշենենք, որ ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը:

tert.am