ԱՄՆ-ն մտադիր է նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող գումարները փոխանցել առողջապահության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը` հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին և հարցին վերաբերող այն փաստաթղթին, որը ուղարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներին:
«Պետքարտուղարը խնդրել է պետդեպարտամենտին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը գտնել միջազգային օգնություն իրականացնող այլընտրանքային կազմակերպությունների` բացառելով ԱՀԿ-ն»,-ասված է փաստաթղթում, որն ուղղված է պետդեպարտամենտի աշխատակիցներին և հայտնվել է ամերիկյան պարբերականի տրամադրության տակ:
Պարբերականի աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա խորհրդականները «անդրկուլիսյան» աշխատանքներ են տանում ԱՀԿ-ին մի քանի ճակատներով hետին պլան ուղարկելու ուղղությամբ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: