Միացյալ Նահանգների դաշնային առևտրային կոմիտեն հաղթել է Facebook ընկերության դեմ դատական գործը։ Արդյունքում սոցցանցը տնօրինող ընկերությունը պետք է վճարի 5 միլիարդ դոլար տուգանքը, որ մինչ այդ նշանակվել էր այդ գործակալության կողմից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետական կոմիտեի ղեկավարն ասել է, որ գոհ են դատական գործի արդյունքներից, որի շնորհիվ իրենք կարողացել են հաստատել կոմիտեի պատմության մեջ ամենամեծ դրամական տուգանքը։ Այն իր մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ում երբևէ նշանակված տուգանքների թվում։
Նման խիստ պատիժ նախաձեռնելու պատճառ սոցցանցի ու Cambridge Analytica ընկերության համագործակցության ժամանակ թույլ տրված խախտումներն են եղել։
Այդ ժամանակ, հիշեցնենք, սոցցանցը մասնավոր ընկերությանը փաստացի հնարավորություն էր տվել օգտվել օգտվողների անձնական տվյալների իր բազայից։ Մասնավոր ընկերության համար բացվել էր 87 միլիոն մարդու անձնական տվյալ։ Դրանք, հավանաբար, եղել են չանձնավորված, սակայն դա ընկերություններին չի ազատել պատասխանատվությունից։ Կասկած կա, որ այդ բազայից մասնավոր ընկերության միջոցով օգտվել է նաև ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, երբ քաղաքական գովազդի արշավներ է իրականացրել։
Ե´վ սոցցանցի ղեկավարությունը, և՛ մասնավոր ընկերությունը հետագայում զղջացել են այդ բացթողման համար, սակայն չեն ազատվել պատասխանատվությունից։ Արդյունքում Facebook-ի ղեկավարությունը որոշակի խստացումներ է մտցրել սոցցանցի աշխատանքում, և հիմա նույնիսկ հասարակ օգտվողի համար երբեմն դժվար է նույնիսկ իր անձնական տվյալները սոցցանցի միջոցով տրամադրել այլ ընկերությունների։