Ինչո՞ւ որոշ մարդկանց մոտ կորոնավիրուսը ոչ մի ախտանիշ չի առաջացնում

Ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված որոշ մարդիկ չեն ունենում COVID-19 հիվանդության ախտանիշներ, իսկ մյուսների մոտ զարգանում է ծանր թոքաբորբ: Այս հարցը փորձել են պարզել Սիդնեյի համալսարանի և Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի (Ավստրալիա) գիտնականները:

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-19-ով մարդկանց մոտ ավելի մեծ վիրուսային ծանրաբեռնվածությունը (հեղուկի ծավալի մեկ միավորին վիրուսային մասնիկների քանակությունը) հայտնաբերվում է ախտանիշների հայտնվելուց անմիջապես առաջ և դրանից կարճ ժամանակ հետո, հայտնում է Science Alert պարբերականը: Դրանք վարակիչ են մինչև ախտանիշների հայտնվելը արդեն 48 ժամ առաջ: Սակայն մինչև հիմա հայտնի չէ, թե շրջապատողների համար ինչ վտանգ են ներկայացնում վիրուսի առանց ախտանիշների կրողները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վարակվածների ընդհանուր թվում դրանց բաժինը կազմում է մինչև 80 տոկոս և ավելի:

SARS-CoV-2 վիրուսը բջջի մեջ թափանցելու համար կապվում է ACE2 բջջային ռեցեպտորների հետ, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են թոքերում, երիկամներում, սրտում և աղիներում: Գաղտնի շրջանը տևում է միջինը մինչև 14 օր, իսկ իմունային պատասխանի զարգացումը վճռորոշ դեր է խաղում վիրուսային ծանրաբեռնվածության նվազման և շնչառական համակարգի հետ կապված ծանր ախտանիշների զարգացման կանխման մեջ: Վարկածներից մեկի համաձայն՝ երեխաների մոտ բնածին իմունիտետն ավելի ուժեղ է, քան մեծահասակների մոտ, ինչով կարելի է բացատրել վիրուսի հանդեպ դեռահասների ցածր ընկալունակությունը և հիվանդության թեթև ընթացքը:

Եթե առողջ մեծահասակ մարդու մոտ տեղի է ունենում ձեռքբերովի իմունիտետի մշակում, սա օրգանիզմին թույլ է տալիս ախտածինը ճանաչել տարբեր փուլերում և սկսել դրա դեմ պայքարել: Հնարավոր է՝ հիվանդությունը չի էլ հասցնի արտահայտվել, և մարդն անգամ չի հասկանա, որ հիվանդ է եղել:

Սակայն եթե վիրուսը հասցնում է ընկնել թոքերի մեջ, իմունային ռեակցիաները բերում են ալվեոլները հեղուկով լցվելուն՝ վատացնելով գազափոխանակությունը։ Զարգանում են պնևմոնիայի ախտանիշներ, ինչպիսին են տենդը, խորխով հազը և շնչարգելությունը։ Որոշ դեպքերում իմունային համակարգի ռեակցիան կարող է չափից շատ լինել կամ երկար լինել, սակայն հանգեցնում է ցիտոկինային գրոհի՝ համակարգային բորբոքման, որը վնասում է կենսական կարևոր օրգանները։

COVID-19-ով մարդկանց մահվան դեպքերի հիմնական պատճառը սուր շնչառական դիսթրես-համախտանիշն է, երբ հեղուկը լցվում է թոքերը և խախտում շնչառությունը։ Դրան ենթարկվում են տարեցները և քրոնիկ հիվանդություններով պացիենտները։ Համարվում է, որ դա կապված է թոքերում ACE2 ռեցեպտորների ոչ մեծ քանակի հետ, որոնք ոչ միայն օգնում են վիրուսին ներթափանցել բջիջներ, այլ նաև կարգավորում են բորբոքման աստիճանը։ Հետաքրքիր է, որ երեխաների թոքերում ավելի շատ ACE2 է դիտարկվում, քան մեծահասակների, և դա նույնպես կարող է բացատրել, թե ինչու նրանց մոտ ավելի հազվադեպ են բարդություններ լինում կորոնավիրուսի պատճառով։ Հետաքրքիր է նաև, որո որոշ դեպքերում դեղամիջոցները, որոնք ճնշում են իմունիտետը, բարելավել են հիվանդների վիճակը։

med.news.am