«Չինաստանը խոչընդոտում է նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ-ի փորձերին». Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը խոչընդոտում է նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ-ի փորձերին, գրում է Newsweek-ը։

Fox News-ին տված հարցազրույցում nա ասել է, որ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ ԱՄՆ մասնագետներին մուտք գործել Ուհանում գտնվող լաբորատորիա և հետաքննություն անցկացնել։

«Երբ մենք փորձեցինք դա անել, չինացիները մեզ թույլ չտվեցին մուտք գործել ոչ միայն լաբորատորիա, այլև ամենուր, որտեղ մենք կարող էինք գտնել այդ վիրուսի սկզբնաղբյուրը»,-նշել է Պոմպեոն:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ կորոնավիրուսի արհեստական ծագման ապացույցներ ԱՄՆ-ն չունի:

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ ուհանյան լաբորատորիայից կորոնավիրուսի տարածման մասին վարկածը հաստատված չէ ոչ մի ապացույցով: ԱԳՆ-ի ներկայացուցիչն այսպես մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը, որը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, վստահեցնում է, որ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատելիս է եղել Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում: Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 666 198 է, մահացել է 186 147 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: