«Ինչո՞ւ քաղաքականացվեց Հայոց ցեղասպանությունը»․ National Interest-ի անդրադարձը՝ տարիներ շարունակ ԱՄՆ-ի վրա Թուրքիայի ճնշմանն ու 2019թ. Հայոց Ցեղասպանության մասին օրինագծի ընդունման ենթատեքստին

Ամբողջ աշխարհում հայ համայնքը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, գրում է ամերիկյան National Interest պարբերականը՝ «Ինչո՞ւ քաղաքականացվեց Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածում։

1923թ. ի վեր Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Նա իր դաշնակիցներին կոչ է արել զերծ մնալ այդ իրադարձությունները «ցեղասպանություն» որակելուց։

«Սակայն 2019թ. վերջին նշանակալի քվեարկության ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը մարտահրավեր են նետել այդ ճնշմանը։ Նրանք ընդունեցին մի օրինագիծ, որը հայտարարում է, որ Օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայերի սպանությունն, ըստ էության, Ցեղասպանություն էր»,- գրում է աղբյուրը։

Հոդվածի հեղինակի՝ Լեյդենի համալսարանի տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի դասախոս Էլդադ Բեն Ահարոնի խոսքով՝ 1975թ. ի վեր բազմաթիվ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման ուղղությամբ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար Թուրքիայի, Իսրայելի, հայ-ամերիկացիների, ամերիկյան հրեական համայնքի և ԱՄՆ կառավարության միջև երկարամյա պայքարը հանգեցրել է նրան, որ օրինագիծն ամեն անգամ չի ընդունվել։

Ջիմի Քարթերն ու ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական պայքարի սկիզբը

Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական պայքարը սկսվել է 1976թվականից՝ Ջիմի Քարթերի նախագահության ժամանակաշրջանից:

1978թ. հունվարի 1-ին Քարթերը ստեղծեց Հոլոքոստի գծով նախագահական հանձնաժողով՝ հանձնաժողովին խնդրելով զեկույց ներկայացնել «Հոլոքոստի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված պատշաճ հուշահամալիր ստեղծելու և պահպանելու» մասին։

Քարթերի ու նրա վարչակազմի ռազմավարությունն էր՝ Հոլոքոստն օգտագործել ԱՄՆ-ի հրեաներին սիրաշահելու համար։ Հենց այդ ժամանակ որոշվեց Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան բացել։

Հոդվածագրի խոսքով՝ հենց այդ ժամանակ էր, որ Քարթերի գործողությունները ամերիկահայ համայնքին ստիպեցին մտածել, որ կարող էր հանրային գիտակցության վերադարձնել Հայոց ցեղասպանության մասին գրեթե մոռացված հիշողությունը։

ԱՄՆ-ում հայ համայնքը 1 մլն դոլարի նվիրատվություն կատարեց, որպեսզի հնարավորություն ունենա Հայոց ցեղասպանությունը ներառել թանգարանի ուշադրության կենտրոնում:

1983թ. օգոստոսին հայերի սպասումներն իրականություն դարձան, երբ թանգարանային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանությունը ներառել ցուցադրության մեջ:

Թուրքիայի ճնշումները Իսրայելի վրա

«Թուրքական կառավարությունը թանգարանի վերաբերյալ անհանգստություններ ուներ։ Ուստի դիմեց սառը պատերազմի իր տարածաշրջանային դաշնակից Իսրայելին։ Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա, որպեսզի վերջինս ազդի թանգարանի հայեցակարգի վրա և թույլ չտա թանգարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրությունը»,- գրում է աղբյուրը։

Հոդվածագրի խոսքով՝ Իսրայելցի դիվանագետները փորձել են համոզել ամերիկացի համապատասխան խաղացողներին թույլ չտալ «հայկական» մուտքը թանգարան՝ խնդրելով ազդեցիկ հրեա կոնգրեսականներին, այդ թվում՝ Թոմ Լանտոսին և Սթիվեն Սոլարզին, համոզել թանգարանային հանձնաժողովին չներառել Հայոց ցեղասպանություն ցուցադրութունը: Լանտոսը և Սոլարզը կարծում էին, որ դա կծառայի Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերին, որտեղ Իսրայելն ու Թուրքիան լավ հարաբերություններ են պահպանում:

«Ի վերջո, որպես ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ առանցքային դաշնակից, հենց ԱՄՆ Կոնգրեսի վրա Թուրքիայի ճնշումն ու սառը պատերազմի վերաբերյալ Ռեյգանի վարչակազմի մտավախությունները կանխեցին թանգարանում Հայոց ցեղասպանության ցանկացած ներկայություն, ինչպես նաև հանգեցրին Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման տապալմանը»,- գրում է աղբյուրը։

Ի՞նչ փոխվեց 2019-ին

Պարբերականը մի քանի պատճառ է նշում, թե ինչը հանգեցրեց 2019-ին Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը, այդ թվում՝ «Թուրքիայի կողմից ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգի հուլիսյան գնումը, որը հարուցել է ամերիկացիների զայրույթը, և Թուրքիայի ռազմական հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն էին»։

«Կոնգրեսը հզոր պատժամիջոցներ է ընդունել Թուրքիայի դեմ։ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը այդ փաթեթի մի մասն էր»,- գրում է աղբյուրը։