«Բժշկական սարքավորումների և օգնության կարիք իրենք ունեն»․ Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին

ԱՄՆ-ն ինքը բժշկական սարքավորումների և հումանիտար օգնության կարիք ունի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարությունը:

«Իրենք բժշկական սարքավորումների և օգնության կարիք ունեն։ Թրամփին չի հաջողվի օգտվել ներկա իրավիճակից» – ասել է Մուսավին:

Նա հավելել է, որ Թրամփը փորձում է շահարկել համավարակի հետ կապված իրավիճակը, իսկ Իրանը բանակցություններ չի վարի, «քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել տնտեսական ահաբեկչությունը»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները COVID-19 համավարակի դեմ պայքարում որպես օգնություն պատրաստ է Իրանին թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ տրամադրել։

«Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,-ասել էր Թրամփը:

Tert.am