ԱՄՆ մոտ 29 նահանգներ առաջիկայում կսկսեն չեղարկել կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակումները։ Մի շարք նահանգներ դա կանեն արդեն այսօր՝ ապրիլի 17-ին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նահանգում նահանգապետերն անձամբ կորոշեն, թե ինչպես չեղարկել կարանտինային միջոցառումները։ Թրամփը վստահեցրել է, որ երկրում համաճարակի պիկն անցել է, արդեն 1 շաբաթ է՝ երկրի տարածքի 30 տոկոսում չի գրանցվում վարակման նոր դեպք։ Նախագահի խոսքով՝ սահմանափակումները դեռևս կպահպանվեն Նյու Յորքում և Նյու Ջերսիում, քանի որ այնտեղ իրադրությունը դեռևս ծանր է։
Worldometer-ի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում մինչ օրս գրանցվել է վարակման 678 հազար և մահվան ավելի քան 34 հազար դեպք։