Հարավային Կորեայում կորոնավիրուսից ապաքինված 141 հիվանդի թեստերը կրկին դրական արդյունք են տվել. CNN

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված 141 հիվանդների թեստը, որոնք, ըստ երևույթին, ապաքինվել էին, կրկին դրական արդյունք է տվել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել են Հարավային Կորեայի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից:

Կենտրոնի փոխտնօրենը հայտնել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչու է այդ մարդկանց մոտ կրկնակի թեստը դրական արդյունք տվել: Ներկա պահին նրանք հետաքննություն են անցկացնում:

Մի շարք փորձագետներ պնդում են, որ անհնար է, որ մարդ կրկին վարակվի կորոնավիրուսով ապաքինվելուց անմիջապես հետո: Նրանց կարծիքով՝ կարող էր ինչ-որ սխալմունք տեղի ունենալ թեստավորման պահին կամ գուցե թեստի դրական արդյունքի պատճառը ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթու) մակարդակի տատանումն է օրգանիզմում, որը էական է թեստավորման համար:

Բացի այդ, կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ կառավարությունն այժմ ուսումնասիրում է տվյալ հիվանդներից վերցված փորձանմուշները՝ պարզելու համար՝ կարող են նրանք վարակիչ լինել, թե ոչ: