«ԱՀԿ-ն կշարունակի անել իր աշխատանքը». համաշխարհային կազմակերպությունն արձագանքել է ֆինասավորումը դադարեցնելու Թրամփի որոշմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «կշարունակի անել իր աշխատանքը» կորոնավիրուսի համավարակին արձագանքելու համար նաև նախագահ Թրամփի՝ ֆինանսավորումը դադարեցնելու հայտարարությունից հետո: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն երախտապարտ է այն բազմաթիվ երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել կամզակերպությանը վերջին օրերին, այդ թվում և ֆինանսական: Մենք ողջունում ենք համաշխարհային համերաշխության այս դրսևորումը, քանի որ համերաշխությունն է խաղի այն կանոնը, որով պետք է հաղթենք Covid-19-ին: ԱՀԿ-ն շարունակում է իր աշխատանքը: Մենք շարունակում ենք ուսումնասիրել վիրուսն ամեն օր, ամեն պահ, մենք տեղեկանում ենք տարբեր երկրներից, թե ինչն է արդյունավետ և տարածում ենք այդ տեղեկությունն աշխարհում»,- ասել է Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ներկա պահին գնահատում է, թե որքան կտուժեն իր ծրագրերը Միացյալ Նահանգների ֆինանսավորումից զրկվելու պարագայում: Արդյունքների մասին ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կարվի:

«ԱՄՆ եղել է ԱՀԿ-ի վաղեմի և առատաձեռն բարեկամը, հուսով ենք, որ ապագայում էլ այդպես կլինի»,- հավելել է Գեբրեյեսուսը՝ նշելով, որ ԱՀԿ-ն կշարունակի աշխատանքը յուրաքանչյուր երկրի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Նրա այդ որոշումը քննադատական արձագանք էր ստացել համաշխարհային մի շարք առաջնորդների և ՄԱԿ-ի կողմից:

Tert.am