«Որտեղի՞ց է եկել վարակը, կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում». ԱՄՆ Սենատը նոր հետաքննություն է սկսում. Politico

ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և պետական գործերի հարցերով հանձնաժողովը լայնածավալ քննություն է սկսում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ծագման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրան տրված պատասխանի վերաբերյալ:

Ինչպես նշում է Politico-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի նահագահ Ռոն Ջոնսոնը:

«Հանձնաժողովը պետք է ամբողջական քննություն անցկացնի այն հարցերի վերաբերյալ, թե ինչու երկիրն առավել լավ նախապատրաստված չի եղել համավարակին դիմակայելու համար, ինչու  դեղագործական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումներն արտադրվում են արտերկրում, ինչպիսին է եղել ԱՀԿ-ի պատասխանը վարակին և ինչպես է վարակը տարածվել առաջացման վայրում»,-ասել է Ջոնսոնը:

Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք առավելապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից բաղկացած հանձնաժողովը նույնպիսի մանրամասնությամբ կքննի համավարակի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունը, որով պատրաստվում է քննել Չինաստանի և ԱՀԿ-ի դերակատարումը:

Աղբյուրն ընդգծում է, որ հանձնաժողովի քննությունն առավելապես կենտրոնացած է լինելու Չինաստանի և ԱՀԿ-ի վրա:

«Որտեղի՞ց է եկել այս վարակը, արդյո՞ք այն կենդանուց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում: Մենք նաև պետք է իմանանք՝ ինչ դերակատարում կարող է ունեցած լինել ԱՀԿ-ն այս ամենը կոծկելու հարցում»,-ասել է Ջոնսոնը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ապագայում դեռ պետք է գտնել կորոնավիրուսի համավարակի մեղավորին՝ նշելով, որ Չինաստանը ժամանակին հիվանդության մասին տվյալներ չի տրամադրել:

«Մենք ցավում ենք, որ այս վարակը, այդ համավարակը, որը սկսվել է չինական Ուհանում, բավականաչափ արագ հայտնի դարձավ։ Չինաստանի կառավարությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ժամանակին այդ տեղեկությունը չի տրամադրել», – հայտարարել էր Պոմպեոն։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի համավարակի պատճառով աշխարհի երկրների կրած վնասների և մարդկային զոհերի համար, Պոմպեոն հայտարարել էր, որ դեռ պետք է բացահայտել իրական մեղավորներին։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 936 697 դեպք, 120 567-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: