Աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 70 պատվաստանյութ, որոնցից երեք առաջատարներն արդեն փորձարկվում են մարդկանց վրա․ ԱՀԿ

Ամբողջ աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 70 պատվաստանյութ, ընդ որում՝ երեք առաջատարներն արդեն փորձարկվում են մարդկանց վրա, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրում է Bloomberg-ը։

Ըստ ԱՀԿ-ի՝ կլինիկական գործընթացում առավել զարգացած է Հոնկոնգի CanSino Biologics Inc. ընկերության և Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի կողմից մշակված փորձարարական պատվաստանյութը: Մարդկանց վրա փորձարկվող մյուս երկու պատվաստանյութերը մշակվել են ամերիկյան դեղագործական Moderna Inc.-ի և Inovio Pharmaceuticals Inc.-ի կողմից։

Պատվաստանյութերի ստեղծման գործընթացը տեղի է ունենում աննախադեպ արագությամբ: Դեղագործական արդյունաբերությունը հույս ունի կրճատել պատվաստանյութը շուկա հանելու համար անհրաժեշտ ժամանակը և այն ներկայացնել հաջորդ տարի, թեև սովորաբար 10-15 տարի է պահանջվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 936 697 դեպք, 120 567-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 447 833 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: