Amazon-ը պատրաստվում է 75 000 նոր աշխատակիցների վարձել՝ համավարակի ընթացքում առաքումները հասցնելու նպատակով. CNN

Ամերիկյան Amazon ընկերությունը մտադիր է 75 000 նոր աշխատակիցների վարձել՝ պատվերների աճով պայմանավորված առաքման աշխատանքները հասցնելու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը, պատվերների քանակը մեծացել է կենցաղային իրերի և կորոնավիրուսի համավարակի ընթացքում պահանջվող պարագաների գնումների պատճառով: Բացի այդ, առցանց պատվերներ ընդունող խոշորագույն ընկերությունից երկուշաբթի հայտարարել են, որ մարտի կեսերից ի վեր արդեն իսկ 100 000 մարդու են ընդունել աշխատանքի բաշխման կենտրոնների համար:

Ընկերությունից հայտնել են, որ նախատեսում են ավելի քան 500 մլն դոլար հավելյալ գումար հատկացնել աշխատավարձերի վճարմանը:

«Մեր գլխավոր մտահոգությունը մեր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելն է: Մենք փորձում ենք ապահովել սոցիալական հեռավորության պահպանումն ու կենտրոնների ախտահանումը»,- ասել են Amazon-ից: