Վրաստանը կորոնավիրուսից մահացածների թաղման նոր կարգ է մշակել

Վրաստանի առողջապահության նախարարությունն  ու Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը մշակել են COVID 19-ից մահացածների  հուղարկավարության կարգ:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Խորհրդատվություններ են  արվել, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսից մահացածների միջոցով վարակի հետագա տարածումը: Ըստ առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեի հրամանի՝ պարտադիր կետեր են

  • Կորոնավիրուսի ախտորոշմամբ հանգուցյալին տեղավորել դիերի համար նախատեսված պարկում, դրսից փակցվում է վարակի միջազգային խորհրդանիշը:
  • Կատարվում է պարկի ու դիակի ախտահանում
  • Դին հիվանդանոցից տեղափոխվում է պարկով, որի բացելն արգելվում է հուղարկավորելու ցանկացած պահին:
  • Հանգուցյալի հուղարկավորությունը պարտադիր պետք է կատարվի ժամանակին՝ ոչ ավել քան 72 ժամ, նաև խուսափել բազմամարդ հոգեհանգստի արարողությունից:
  • Կորոնավիրուսի հաստատվելու կամ կասկածի դեպքում բացառվում է դիակի զմռսումը, կամ այլ հավելյալ շփումը, այդ թվում դիահերձումն՝ առանց համապատասխան անհրաժեշտության:

Համապատասխան (սգո) ծառայությունը պետք է տեղեկացվի մահն արձանագրվելուց հետո ոչ  ուշ քան մեկ ժամում, իսկ ընտանիքի անդամները պետք է իրազեկված լինեն ժամանակին տեղափոխման մասին:

Նման միջոցներ արդեն ձեռնարկվել են մի շարք երկրներում, որտեղ հիվանդությունը հասցրել է տարածվել, ու մահվան դեպքեր են գրանցվել: Օրինակ՝ Իտալիայում, ուր մահացածների թիվն անցել է 8000-ից, արգելվել է  հանգուցյալին կարգի բերել, իսկ թաղման սրահներ տեղափոխում են փակ դագաղներով, որոնք բացելու իրավունք հարազատները չունեն: Իտալիայում նաև արգելվել է թաղմանը 2-ից ավել  մարդու ներկայությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանում մահվան դեպք չկա, Վրաստանի 3 քաղաքացի մահացել է Իսպանիայում բռնկման ժամանակ:

Աղբյուրը՝ shantnews.am