Մարտի 16-ի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի հարավ-արևելյան Մոնգագուա քաղաքում շուրջ 400 կալանավոր փախել է բանտից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով G1 պորտալին:
Պորտալի տվյալների համաձայն` «մոտ 400 բանտարկյալ» փախել է կիսաբաց տիպի քրեակատարողական հիմնարկից` բանտի աշխատակիցներին պատանդ վերցնելուց հետո:
Նշվում է, որ աշխատակիցները մինչև հիմա պահվում են պատանդի կարգավիճակով, ոստիկանությունը բանակցություններ է վարում նրանց ազատման համար:
Ոստիկանները սկսել են փնտրել փախուստի դիմածներին:
Նշվում է, որ Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ կիսաբաց քրեակատարողական հիմնարկներում զինված հսկողություն չի իրականացվում: