Իրանում մեծ քանակով գերեզմաններ են փորում կորոնավիրուսի զոհերի համար

Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Իրանում զանգվածային թաղումների են պատրաստվում․ այնտեղ մեծ թվով գերեզմաններ են փորում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության զոհերի համար։ Կայքում հրապարակվել են այդ փոսերի շարքերի արբանյակային լուսանկարները։

Նշվում է, որ փոսերը մոտ 100 մետր երկարություն ունեն։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, ցույց են տալիս, որ Իրանում թաքցնում են ողբերգության իրական պատկերը՝ չհայտնելով մահվան դեպքերի ճիշտ թվերը։ Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ Իրանում մահվան 429 դեպք է արձանագրվել։

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ հողատարածքներն ազատ են եղել հոկտեմբերին։ Իսկ մարտին արված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են գերեզմաններըը փակել այդ տարածքը։

Գերեզմանները Ղոմ քաղաքի մոտ են, որտեղից էլ սկսվել է Իրանում նոր կորոնավիրուսի տարածումը։ Փետրվարից մինչև հիմա Իրանում վարակվել է 10 հազար մարդ, նրանցից ավելի քան 3 հազարը առողջացել են։

Աղբյուրը՝ shantnews.am