Ֆրանսիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի ֆոնին քաղաքացիներին կոչ է արել չհամբուրվել

Ֆրանսիայի առողջապահության նախարար Oլիվյե Վերանը քաղաքացիներին կոչ է արել խուսափել համբուրվելուց, ինչն անհրաժեշտ է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու համար:

Ինչպես նշում է bloomberg.com-ը, խոսքն ինչպես հանրահայտ ֆրանսիական համբույրի, այնպես էլ սովորական` այտն այտին ձևով համբուրվելու մասին է:

Բացի այդ, նախարարը խորհուրդ է տվել ողջունելու ժամանակ ձեռք ձեռքի չտալ:

«Սոցիալական շփումների քանակը խորհուրդ է տվում քչացնել, դա վերաբերում է նաև համբույրներին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը:

Նշվում է, որ Ֆրանսիայում կա հարյուր ախտահարված: Երկրի իշխանությունները չեղարկել են  Փարիզում կայանալիք մարաթոնն ու արգելել բացօթյա խոշոր հավաքները:

Համաճարակի էպիկենտրոն Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է:

Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:

Առավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք):

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Աղբյուրը՝ tert.am