ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարած Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նախընտրական քարոզարշավի շրջանակում հարկային բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանրությանը, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Միլիարդատիրոջ կարծիքով` իր ծրագիրը տասը տարվա ընթացքում ամերիկյան բյուջե կբերի լրացուցիչ 5 տրիլիոն դոլար: Այդ գումարը նա առաջարկում է ուղղել կրթությանն ու առողջապահությանը:
Առաջարկությունը ներառում է հարուստների համար նոր տեսակի հարկի ներմուծում: Բլումբերգն առաջարկել է 5%-ի չափով հավելյալ հարկ գանձել այն միլիարդատերերից և խոշոր ընկերություններից, որոնց տարեկան եկամուտը 5 միլիոն դոլարից ավելի է: Այդ միջոցը, ըստ միլիարդատիրոջ շտաբի գնահատականների, կազդի ԱՄՆ-ում հարկ վճարողների 0,1%-ից պակասի վրա:
Բլումբերգի նախաձեռնություններից է նաև չեղարկել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բարեփոխումները, քանի որ դրանք «ոչ թե կրճատում, այլ ամրապնդում են անհավասարությունը»: