Չինաստանում մեկ օրում 20 միլիոն պաշտպանիչ դիմակ են արտադրում

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը ստիպել է չինական շատ ձեռնարկությունների ժամանակից շուտ վերադառնալ ամանորյա արձակուրդներից, արդյունքում, չնայած որ արտադրական հզորությունները դեռևս ամբողջովին չեն վերականգնվել, պաշտպանիչ բժշկական դիմակների օրական արտադրությունը հասել է 20 միլիոնի: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի արդյունաբերության ու տեղեկատվության նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յույլունը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Եթե խոսենք Հուբեյ նահանգում ապրանքների քչությունից, իրավիճակը զգալիորեն լավացել է և ներկայում նկատվում է «լարված հավասարակշռության» իրավիճակ»,- ասել է Յույլունը:

Նա տեղեկացրել է, որ փետրվարի 2-ի կեսգիշերի դրությամբ Հուբեյ է ուղարկվել 154,5 հազար բժշկական պաշտպանիչ համազգեստ, դրանցից 131,2 հազարն արդեն տեղ են հասել, ուղարկվել է նաև 133,6 հազար №95 պաշտպանիչ դիմակ, որոնցից արդեն տեղ են հասել 130 հազարը:

«Եթե խոսենք պաշտպանիչ դիմակների ամենօրյա արտադրությունից, ապա մեր երկրում այն արդեն անցել է 20 միլիոնը, ինչ վերաբերում է №95 և վիրաբուժական դիմակներին` ելնելով ընդհանուր իրավիճակից` դեռևս որոշակի ժամանակ է հարկավոր վերականգնելու արտադրական հզորությունները»,-տեղեկացրել է ինժեները:

Նրա խոսքով` բարելավվել է նաև բժշկական հաստատություններ ախտորոշիչ ռեագենտների մատակարարումը, ներկայում հիվանդանոցները դրանք գնում են ըստ իրենց պահանջի` անմիջապես արտադրողներից:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 361-ի, վարակվածների թիվը 17 205 է:

Tert.am