Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղևորներին կորոնավիրուսի կապակցությամբ

Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է interfax-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:

Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղևորների ստուգում սահմանելու մասին հայտարարել է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղևորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաև Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում: Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում է 4-րդ թերմինալում: Այնուհետև անցկացվում են ուղևորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չէ:

Մալայզիայի իշխանություններն իրենց հերթին սկսել են բժշկական ստուգումներ անցկացնել իրենց բոլոր սահմաններում, ինչպես նաև Քուալա-Լումպուրի օդանավակայանում: Ուղևորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաև ասիական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում և Բանգլադեշում: ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի և Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում: