Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

Սենատը երրորդ անգամ հրաժարվել է քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը:  Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

«Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,- ԱՄՆ Սենատում նշել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը:

Սենատորը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանն օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծել է՝ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ հանրապետական սենատորը վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը, սակայն, դեմ  է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,- ասել է նա:

Ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի՝ մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է  Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից: Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրել է, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Tert.am