ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծաղրի առարկա» է անվանել իր պաշտոնանկության հարցով դեմոկրատների զեկույցը, գրում է USTV-ն:
Նշվում է, որ Թրամփը կրկին վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ հերթական լսումները նշանակվել են երկրում իր բացակայության ժամանակ:
«Այս զեկույցն ուշադրության արժանի չէ: Արդյոք նրանք (դեմոկրատները) իրականում սիրո՞ւմ են մեր երկիրը»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Դեկտեմբերի 3-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Թրամփի պաշտոնանկության շրջանակում հետաքննության արդյունքների վերաբերյալ 300 էջանոց զեկույցին:
Փաստաթղթում նշվում է, որ Թրամփը փորձել է օտարերկրյա պետության օգնությունը ստանալ՝ վերընտրվելու իր հնարավորությունները բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել դեմոկրատների համար ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: