Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։ Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսին տված հարցազրույցում Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:
Վլադիմիրաս Լաուչիուս. Դուք կարևորում եք ընդհանուր արժեքները՝ որպես «բարեկամության դաշինքների» հիմք: Բայց ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից:
Գիտանաս Նաուսեդա. Շատ բարդ հարց է: Փաստացի, Թուրքիան փոխվում է: Մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:
Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ:
Վլադիմիրաս Լաուչիուս. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և որը, ավելին, ճանաչվել է Լիտվայի և, վերջերս էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանության փաստը: Կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը:
Գիտանաս Նաուսեդա. Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ (Հայոց ցեղասպանության ճանաչում) ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է:
Հարցազրույցից հետո Վլադիմիրաս Լաուչիուսը նույն Delfi պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ անդամ անհամատեղելիությանը, Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումներին և շատ այլ հարցրերի։
Վլադիմիրաս Լաուչիուսը ցեղասպանություն իրագործածի ՆԱՏՕ-ում անդամակցության վերաբերյալ
Անհնար կլիներ պատկերացնել, որ Գերմանիան լիներ ՆԱՏՕ-ի մաս, եթե նա չճանաչեր նացիստական հանցագործությունները՝ ներառյալ Հոլոքոստը: Այնուամենայնիվ, Թուրքիան, որը չի պատրաստվում խոստովանել, որ ցեղասպանություն է իրականացրել քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների դեմ, ՆԱՏՕ-ի անդամ է:
Հյուսիսատլանտյան պայմանագրի նախաբանում ասվում է, որ պայմանագրի կողմերը «վճռական են պաշտպանելու իրենց ժողովուրդների ազատությունը, ընդհանուր ժառանգությունը և քաղաքակրթությունը, որոնք հիմնված են ժողովրդավարության, անհատական ազատության և օրենքի գերակայության վրա»:
Վերոնշյալ սկզբունքներից ո՞րն է պահպանում Թուրքիան: Արդյո՞ք դա նրան հաջողվում է: Ինչպե՞ս կարելի է պահպանել այն քաղաքակրթությունը, որին նա չի պատկանում կամ պահպանել, այն սկզբունքները, որոնց այդ երկրում հազիվ են հետևում:
Եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ ուժեղ բանակ, առերևույթ ժողովրդավարություն և արևմտյան երկրների հետ որոշ ընդհանուր շահեր, ապա ինչպե՞ս է պատահել, որ Ռուսաստանը դեռ ՆԱՏՕ-ի մաս չէ:
Ոմանք կարող են ասել, որ Ռուսաստանը խախտում է անձեռնմխելիության սկզբունքները Հարավային Օսիայում և Ուկրաինայում, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի երկրների համար սա, կարծես, այլևս անհաղթահարելի բարոյական և իրավական խնդիր չէ 1974 թվականից հետո, երբ թուրքական զորքերն օկուպացրեցին Հյուսիսային Կիպրոսը:
Այժմ Թուրքիան նաև հնարավորինս օկուպացնում է Սիրիայի տարածքը, Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նաև պարեկային գոտիների համար:
Իսկ ի՞նչ կասեք սպառազինության և ռազմական համատեղելիության խնդրին: Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելուց և ՍՈՒ-57 կործանիչներ գնելու հարցը դիտարկելուց հետո, այլևս, կարծես թե, Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցը լուրջ խոչընդոտ չէ: Ակնհայտ է, որ սպառազինությունների և թուրքերի միջոցով իրականացվող անուղղակի ինտեգրումն արդեն ընթանում է:
Ռուսական իշխանությունները չեն ճանաչում խորհրդային հանցագործությունները և արդարացնում են Ստալինի վայրագությունները: Թուրքիան միանգամայն նույնն է անում՝ չընդունելով, որ ծրագրել և իրագործել է հայկական, ասորական և հունական ցեղասպանությունները` ուղղորդված զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և անապատային աքսորներով: Ավելին, թուրքական օրենսդրությունը թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաստատում են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունները` պնդելով, որ դա վիրավորում է թուրք ժողովրդին: Սա շատ նման է Վլադիմիր Պուտինի ռուսական օրենքին և այդ երկրի պատմության գաղափարական քարոզչությանը:
Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը` դաժանության, կտտանքների և գաղափարական արդարացման առումով, շատ նման է նացիստների կողմից իրականացված հրեական Հոլոքոստին: Օրինակ՝ Օսմանյան կայսրությունում մեծ համբավ ունեցող բժիշկ Մեհմեդ Ռեշիդը հայտնի էր նրանով, որ հայերին վերաբերվում էր որպես երկրորդ կարգի մարդկանց՝ նրանց ստորադասելով, իր կարծիքով, ավելի առաջադեմ մահմեդականներից: Նա հրամայում էր պայտել հայ աքսորյալներին, որպեսզի ավելի զվարճալի լինի աքսորի ճանապարհին նրանց նայելը: Նա նաև սիրում էր խաչել նրանց՝ հաշվի առնելով հայկական կրոնը: 1978-ին, Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրում, հրատարակվեց հանրագիտարան, որը նկարագրում է Մեհմեդ Ռեշիդին որպես «մեծ հայրենասեր»:
Իրենց նացիստական ապագա գործընկերների նման, թուրք բժիշկները դաժան փորձեր էին իրականացնում «երկրորդ կարգի» մարդկանց վրա: Օրինակ՝ հայերին ներարկում էին տիֆի տենդով հիվանդների արյուն՝ դրա դեմ պատվաստանյութ որոնելու համար: Վերոնշյալ փորձարկումներով հայտնի բժշկի համար Ստամբուլում նույնիսկ թանգարան է կառուցվել, նա համարվում է թուրքական մանրէաբանության հայրը:
Տրապիզոնի առողջապահության վարչության պետ Ալի Սաիբը ջանասիրաբար կատարել է իր մասնագիտական պարտականությունը՝ ստիպելով հղի հայ կանանց և երեխաներին թույն խմել, իսկ հրաժարվելու դեպքում նրանց խեղդում էին ծովում: Սաիբը սիրում էր մորֆինի մահացու չափաբաժին ներարկել հայ աքսորյալներին, որոնք հրաշքով փրկվել էին անապատի միջով անցած աղետալի ճանապարհորդությունից: Նա նաև երեխաներին սպանում էր շարժական տաք գոլորշու լոգանքներում:
Այժմ Թուրքիայում փողոցներն ու նշանակալից հասարակական վայրերը կոչվում են ցեղասպանության կազմակերպիչների անուններով `Թալեաթ, Ջեմալ, Էնվեր: Հետաքրքիր կլիներ, եթե ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Գերմանիան, փողոցներ անվաներ, օրինակ ՝ Հիմլերի անունով:
Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական խնդիրն այն չէ, որ այն արգելափակում է մերձբալթյան պաշտպանական ծրագրերը, գնում է ռուսական S-400-ը` հրաժարվելով ամերիկյան սպառազինությունից, աջակցում է ԴԱԵՇ-ի և Ջաբհաթ ալ Նուսրա-ի մարտիկներին, օկուպացնում Սիրիայի տարածքները, որտեղ իր արաբական դաշնակիցների հետ միասին ոչնչացնում է քրիստոնեական համայնքների մնացորդները Փոքր Ասիայում: Հիմնական խնդիրն այն չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում տեսնում է ժողովրդագրական և մշակութային վերածնված Օսմանյան կայսրություն, որտեղ բարձր ծնելիությամբ թուրք բնակչությունը կկարողանա պարտադրել սեփական կանոնները: Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ հիմնական խնդիրը չի կայանում նրա գործողությունների, նպատակների, քաղաքական և սոցիալական իրողությունների կամ Արևմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ (այս մոտեցումն ամենևին չպետք է զարմացնի դարեր անց) Խնդիրն այստեղ ոչ թե թուրքական մոտեցումն է, այլ՝ արևմտյանը:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է Թուրքիայի քրիստոնյաների` հայերի (սպանվել է առնվազն 1,5 միլիոն մարդ), հույների (սպանվել է մոտ 750 000 մարդ) և ասորիների (մոտ 300 000 զոհ) ցեղասպանությունները:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և, վերջերս՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Այն ճանաչվել է նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների՝ ներառյալ Լիտվայի կողմից: Շվեյցարիայում, Սլովակիայում, Հունաստանում և Կիպրոսում քրեական հետապնդում է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Սլովակիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը: Դա մի տեսակ ֆանտազմագորիա է: Դեռ կարծո՞ւմ եք, որ վերոհիշյալ երկրները պատկանում են ընդհանուր քաղաքակրթությանը, ընդհանուր ժառանգությանը և ընդհանուր սկզբունքներին:
Ինչ վերաբերում է այս իրավիճակին, ապա Թուրքիան և իր դաշնակիցները դեռևս առանձնակի խնդիրների չեն բախվում: Շատերն անգամ ուրախանում են և, ըստ երևույթին, հպարտանում նման դաշնակից ունենալու ընդհանուր (ներիր ինձ, Տեր) ժառանգությամբ:
Ճիշտ է, որ Թուրքիան Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կարևոր հակակշիռ էր և պետք է ենթադրել, որ Թուրքիան դեռևս չի մտել Եվրամիություն ոչ առանց պատճառների:
Կար ժամանակ, որ հույս կար, որ Թուրքիայում իրավիճակը կբարելավվի: Փոխարենը, այն ավելի վատացավ: Եվ այսպես, ինչքան հեռու է այն գնում, այնքան ավելի դժվար է դառնում բացատրել և արդարացնել խորացող արժեքային անջրպետը:
Հաշտարար մոտեցումը շարունակելը նույնիսկ ավելի կեղծավոր կլիներ, քան մինչ այժմ լռությունը ցեղասպանության խնդրի շուրջ, սելեկտիվ ամնեզիան, չխոսելն այն մասին, թե ինչը կարող է անհարմարություն պատճառել կամ անօգուտ է թուրք ընկերների համար, մեղմ ասած, պատիվ չի բերում նրանց: Նման մոտեցումը մասամբ համընկնում է 1939-ին Ադոլֆ Հիտլերի ասածի հետ, երբ նա կիսվեց լեհերին ոչնչացնելու իր ծրագրերով. «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Այլ կերպ ասած` ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են արևմտյան արժեքները, միթե՞ չպետք է մտածեն նաև դրա մասին: