Մահից առաջ որդիների հետ վերջին անգամ գարեջուր խմելու ցանկությունը տարեց ամերիկացուն համացանցի աստղ է դարձրել

Reddit սոցիալական կայքի օգտատերերին հիացրել է ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչի պատմությունը, ով մահվանից առաջ վերջին անգամ ցանկացել է որդիների հետ գարեջուր խմել։ Այս մասին Twitter-ում գրել է տարեց տղամարդու թոռը։

Ադամ Շեմը հրապարակել է հարազատներով շրջապատված պապի վերջին լուսանկարը։ «Պապս այսօր մահացավ։ Նրա միակ ցանկությունը երեկ երեկոյան որդիների հետ միասին վերջին անգամ գարեջուր խմելն էր»,- լուսանկարի նկարագրությունների բաժնում գրել է Շեմը։

Շեմի լուսանկարով կիսվել են Twitter-ի բազմաթիվ օգտատերեր։ Լուսանկարն ավելի մեծ տարածում է ստացել, երբ այն հրապարակել է Reddit-ի «azgrunt» անունով օգտատերը։ Կայքի օգտատերերին ուրախացրել է այն հանգամանքը, որ տարեց տղամարդուն հաջողվել է իրականացնել վերջին ցանկությունը։ Շատերը նշել են, որ նա հիանալի որդիներ է դաստիարակել, իսկ նրա դեմքի ժպիտը վկայում է, որ նրա կյանքի վերջին ժամերը հաճելի են եղել։ Օգտատերերից մեկն էլ գրել է, որ լուսանկարը ապացուցում է, որ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելը և սեփական ընտանիքին երջանկացնելն է։

Շեմի հրապարակումից հետո Twitter-ի շատ օգտատերեր կիսվել են իրենց պատմություններով։ «Տատիկս նույն կերպ է վարվել, սակայն մի բաժակ Bailey’s լիկյոր է խմել»,- պատմել է brussproutsrock անունով օգտատերը, իսկ RenBiggs օգտատերը պատմել է՝ ինչպես է մահամերձ պապին գարեջուր ու սիգար հյուրասիրել:

Tert.am