Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կողմ է արտահայտվել մարիխուանայի ապաքրեականացմանը, գրում է The New York Times-ը:
«Կարծում եմ` պետք է ապաքրեականացնել մարիխուանան»,- հայտնել է Բայդենը հեռուստաբանավեճի ընթացքում և հավելել, որ այդ գործով բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն:
Սակայն Բայդենը կոչ է արել ուսումնասիրել երկար գործածության դեպքում մարիխուանայի ազդեցությունը մարդու վրա:
Ատլանտայում ընթանում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճի հինգերորդ փուլը:
Սոցիոլոգների տվյալներով՝ դեմոկրատների կազմում առաջատարի դիրքը պահպանում է Ջո Բայդենը: Նրան հաջորդում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը:
Միևնույն հեռուստաբանավեճի ընթացքում Բայդենը նաև հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Գլխավոր դատախազին հրահանգ չի տա հետաքննություն սկսել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ:
«Ինչ էլ որոշի իմ նշանակած գլխավոր դատախազը, ես կաջակցեմ նրա որոշմանը: Թող իրենք կայացնեն իրենց անկախ վճիռը: Եթե դատախազը գտնի, որ նա (Դոնալդ Թրամփը) օրենք է խախտել և պետք է դատապարտվի, ապա թող այդպես էլ լինի, բայց ես նման ցուցում չեմ տա»,- հեռուստաբանավեճի ընթացքում ասել էր Բայդենը: