Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվելու է ավելի քան 50 հազար մարդ

Կալիֆոռնիայի իշխանությունները հանձնարարել են տարհանել 50 հազար մարդու երկրի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Associated Press գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ շաբաթ լույս կիրակի գիշերը ուժեղ քամին կարող է կրակի տարածման պատճառ դառնալ: Ամբողջությամբ տարհանվելու են Հիլդսբերգ և Վինձոր քաղաքների բնակիչները: Իշխանությունները նախազգուշացնում են, որ քամու արագությունը կարող է հասնել 38 մ/վ-ի:

Ամերիկյան էներգետիկ ընկերություններից մեկը նախազգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի պլանային անջատումների պատճառով կհոսանքազրկվի մոտ 36 շրջան՝ ավելի քան 2 միլիոն բնակիչ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված հրդեհների հետևանքով զոհվեց առնվազն 85 մարդ, ոչնչացվեց ավելի քան 14 հազար տուն, ավելի քան 520 առևտրային շենք և ավելի քան 4 հազար այլ շինություն: