ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է մի քանի հարյուր զինվոր Սիրիայում թողնելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Թերթը գրում է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության 200 մարտիկի: Նրանց շարքերում են նաև այն զինվորականները, ովքեր փորձ ունեն ԻՊ-ի դեմ պայքարում: Ամերիկյան ուժերի չհեռանալու պատճառներից մեկը կարող է լինել Վաշինգտոնի ցանկությունը՝ թույլ չտալ ռուսական և սիրիական ուժերին մոտենալ նավթային շրջաններին:
Ենթադրաբար ամերիկյան ուժերը տեղակայվելու են Իրաքի հետ սահմանի մոտ: Նշվում է, որ Թրամփն այս սցենարի մասին սկսել է մտածել այն բանից հետո, երբ քննադատություններ եղան ամերիկյան զորքերի հեռանալու մասով: