Թրամփը դեմոկրատների կողմից իր դեմ սկսված պաշտոնանկության գործընթացը հեղաշրջման փորձ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների կողմից իր դեմ սկսված պաշտոնանկության գործընթացը հեղաշրջման փորձ է անվանել:

«Ամեն օր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իմպիչմենտ է, այլ պետական հեղաշրջում, որի նպատակը ժողովրդից իր իշխանությունը, ձայնը, ազատությունները, Սահմանադրության երկրորդ ուղղմամբ նախատեսված իրավունքը, կրոնը, բանակը, սահմանի պատը և որպես ԱՄՆ քաղաքացի` Աստծո կողմից նրան տրված իրավունքները խլելն է»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց են սկսկել (այստեղ դեմոկրատները մեծամասնություն ունեն): Ընդդիմադիրները Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս ուրիշ պետությունից աջակցություն է խնդրել վարկաբեկել քաղաքական հակառակորդին` նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` ընտրություններում հաջողություն գրանցելու համար: Թրամփը հերքում է ներկայացված մեղադրանքը:

Ներկայացուցիչների պալատում մեղադրանքի հաստատվելուց հետո այն փոխանցվելու է Սենատին, որն էլ կկայացնի երկրի ղեկավարի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը: Սենատում մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակիցները` հանրապետականները:

Հիշեցնենք, որ Թրամփի` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը:

Tert.am