Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հոկտեմբերին վերսկսել առևտրային տարաձայնությունների շուրջ բանակցությունները

Չինաստանը և ԱՄՆ-ն հոկտեմբերին Վաշինգտոնում առևտրային խնդիրների վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունների վերսկսման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, գրում է Bloomberg գործակալությունը՝ ՉԺՀ-ի առևտրի նախարարությանը հղումով:

«Երկրները համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում առևտրատնտեսական հարցերի շուրջ բարձր մակարդակով անցկացնել չին-ամերիկյան բանակցությունների 13-րդ փուլը»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ աշխատանքային մակարդակով հանդիպումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին։

«Ո՛չ Չինաստանը և ո՛չ էլ Միացյալ նահանգները չեն ցանկանում, որ աշխարհն իրենց մեղադրի առևտրային պատերազմների սրման և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու համար»,- հայտնել է Չինաստանի առևտրի նախարարության նախկին պաշտոնյան և հավելել, որ բանակցությունների վերսկսումը դեռևս չի նշանակում, որ կողմերը կարող են հասնել երկկողմանի պատժամիջոցների մեղմմանը:

Հիշեցնենք, որ առևտրային տարաձայնությունների շուրջ բանակցությունները դադարեցվել էին երկու երկրների միջև «մաքսատուրքային պատերազմի» սրման ֆոնին:

Օգոստոսի 23-ին Թրամփը նշել էր, որ աշնան սկզբից սկսած 300 մլրդ դոլար ընդհանուր արժեք ունեցող չինական ապրանքների համար մաքսատուրքերը կավելանան՝ հասնելով 10-ից մինչև 15%-ի, իսկ հոկտեմբերի 1-ից 250 միլիարդ դոլար ընդհանուր արժեք ունեցող այլ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կավելանան՝ հասնելով 25-ից 30%-ի:

Tert.am