Վրաստանի նախագահը, որն այժմ Ֆրանսիայում է, մինչ հայրենիք վերադառնալը չի մեկնաբանի իր որոշումը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու անվան շուրջ հերթական իրարանցումն է առաջացել, երբ նա Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ (նշվում է օգոստոսի 28–ին) ներում է շնորհել 34 դատապարտյալի։
Ներում ստացածների թվում է նաև Ռամազ Դևաձեն, որը 2014 թվականին ազատազրկման էր դատապարտվել ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Ընդդիմությունն ու շարքային քաղաքացիները վրդովվել են, թեման քննարկվում է սոցցանցերում։22-ամյա ոստիկան Թարաշ Մուքբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում: Քննչական մարմնի տվյալների համաձայն` նրա և ոչ սթափ վիճակում գտնվող Դևաձեի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում Դևաձեն ոստիկանից խլել է ծառայողական զենքը և կրակել նրա գլխին: Մուքբանյանը տեղում մահացել է:2015 թվականի սեպտեմբերին Դևաձեն դատապարտվել է 12 տարվա բանտարկության։
Ֆրանսիայում գտնվող Զուրաբիշվիլին հրաժարվել է իր որոշումը մեկնաբանել մինչ Թբիլիսի վերադառնալը։«Ինչու՞ եմ ներում շնորհել, ճիշտն ասած` չեմ ասի ձեզ։ Դա նախագահի դիսկրեցիոն իրավունքն է, բոլոր իրավաբանները, նաև ոչ իրավաբանները գիտեն դրա մասին… Եթե ավելի հանգամանալից հայտարարություն է պետք անել, կարծում եմ` դա պետք է Թբիլիսիում անել», – ասել է Զուրաբիշվիլին Imedi հեռուստանընկերությանը։Միաժամանակ նա ափսոսանքով է նշել, որ իր եվրոպական այցելության ժամանակ, երբ երկրի համար կարևոր հարցեր են քննարկվում, փորձ է արվում ուշադրությունը շեղել այլ հարցի վրա։Նախագահին դատապարտել է նաև Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին:«Ինձ համար անընդունելի է այս դեպքը՝ ներում շնորհել ոստիկանին սպանելու համար դատապարտվածին, որի պատժաժամկետի կեսը նույնիսկ չի լրացել»,- ասել է Օհանաշվիլին Առաջին ալիքի հետ զրույցում։Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալային պատմության մեջ էր հայտնվել նաև մայիսին Վրաստանի տարածքում ԱՄՆ–ի ռազմաբազայի վերաբերյալ արտահայտած դիրքորոշման պատճառով։
Աղբյուրը armeniasputnik.am