«1915թ. Թալեաթ փաշային աջակցող հայեր կային, ցավոք, այսօր ևս կան». Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանն իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Եսայանը, անդրադառնալով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։

Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտել խնդրելու նրանց այս վարքագիծն ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ն դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն», – գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում բավական խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:

«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգա՛ր։1915թ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք, այսօր ևս կան»:

Աղբյուրը shantnews.am