Արտուրո Բալբինոն անօրինական եղանակով Միացյալ Նահանգներ է ժամանել 14 տարի առաջ։ Այժմ նա ունի ամերիկացի կին ու երեխաներ։ Ունի նաեւ աշխատանքի մասին շինարարական մի ընկերությունից նամակ։Սակայն անցած մարտ ամսին նրա գրին քարթի դիմումը ստացել է մերժում։ Պատճա՞ռը։ Պատճառն այն է, որ նրա ընտանիքն օգտագործել է սննդամթերքի կտրոններ եւ օգտվել ցածր եկամուտ ունեցող անձանց համար նախատեսված բժշկական Մեդիքեյդ ապահովագրությունից։
Բալբինոյի նման շուտով շատերը կկանգնեն նման իրավիճակի առջեւ, երբ իշխանությունները կմերժեն նրանց օրինական բնակության իրավունքը, քանի որ կհամարվեն բեռ՝ հարկատու ամերիկացիների համար։ Օրենք, որի մասին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարեց երկուշաբթի օրը։
Ինչպես ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Քեն Կուչինելլին է բացատրում, ՝՝նախագահ Թրամփի վարչակազմը ցանկանում է խրախուսել ինքնաբավություն և անձնական պատասխանատվություն, այնպես որ ներգաղթյալներն աշխատեն իրենք իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար եւ այդ եղանակով հասնեն հաջողության ԱՄՆ-ում՛՛։ Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները չի ուզում որ օտարներն այստեղ լինեն պետությունից ֆինանսապես կախյալ։
՝՝Ֆինանսապես կախյալ՛՛ եզրն ԱՄՆ-ու նշանակում է ստանալ պետական որեւէ նպաստ ու ֆինանսական աջակցություն ավելի քան 12 ամիս։Նշված օրենքը ուժի մեջ չի կարող մտնել մինչեւ հոկտեմբերի կեսը, սակայն դրա շուրջ արդեն իսկ առաջ է եկել մեծ անհանգստություն։
Ինչպես վերլուծաբաններն են ասում, այսօր շատերն են արդեն հրաժարվում օգտվել պետական նպաստներից ու ծառայություններից, որպեսզի չհայտնվեն ներգաղթի ծառայությունների ուշադրության կենտրոնում։Վերլուծաբաններն ասում են, որ այս օրենիք կիրառումը կարող է նաեւ մեծապես օգնել Թրամփին 2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններում։ Թրամփի կայուն աջակիցների շրջանում ավելի կամրապնդվի նրա նկատմամբ հավատը, տատանավողներից շատերն էլ կդառնան աջակիցներ։
Այս օրենքը չի տարածվելու մարդասիրական հենքով այստեղ բնակվող փախստականների վրա, ինչպես օրինակ նրանց, ովքեր իրենց երկրներում դարձել են մարդկային տրաֆիքինգի կամ ընտանեկան բռնությունների զոհ։ Օրենքը չի տարածվում նաեւ ընտանիքների վերամիավորման հիմքով ժամանածների վրա, քանի որ նրանց այստեղ հրավիրած անձինք նախապես պիտի ստորագրեն ՝՝աջակցության մասին խոստում՛՛, ինչը նշանակում է, որ նոր ժամանողների ֆինանսական բոլոր ծախսերը պարտավորվում է հոգալ հրավիրող անձը։