ԱՄՆ առեւտրի նախարարությունը սեւ ցուցակի մեջ է ներառել Հայաստանից 2 ընկերության, նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:Պատժամիջոցները սահմանվել են Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) եւ «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել եւ վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է եւ «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
Նշենք, որ փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:
ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառվել նաեւ ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից եւ Մեծ Բրիտանիայից: